Կայացավ «Աստծո Ժողովուրդ» եկեղեցու տարեկան համաժողովը
. . . Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն եւ իր անձը մատնեց նրա համար. Որ նրան սրբացնէ՝ մաքրելով ջրի աւազանովը՝ խօսքով. Որ իր առաջին փառաւոր կանգնեցնէ եկեղեցին, որ չ’ունենա մի արատ կամ խորշոմութիւն կամ ուրիշ բաներ, որ սուրբ եւ անարատ լինի։
Եփեսացիս 5:25բ-27
Հունվարի 13-ին և 14-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի «Աստծո Ժողովուրդ» ամբողջավետարանական եկեղեցու տարեկան համաժողովը, որի ընթացքում նշվեց եկեղեցու 14-ամյա տարեդարձը:
Ներկա էին բազմաթիվ հովիվներ և ավագ ծառայողներ՝ Երևանից, մարզերից, արտերկրից:
Համաժողովն սկսվեց Աբովյան քաղաքի «Աստծո Ժողովուրդ» եկեղեցու հովիվ Վազգեն Զոհրաբյանի զորավոր աղոթքով: Այնուհետ, երաժշտախմբի նվագակցությամբ, փառաբանական երգաշարով մասնակիցներին ողջունեցին հոգևոր երգերի սիրված կատարողներ Գեղամ Կարապետյանը և Էլիսա Շահվերդյանը:
«Փարոս» կենտրոնի սաները պատրաստել էին գեղեցիկ թատերական ներկայացում՝ Հայտնության գրքի 7 եկեղեցիներին ուղղված Տիրոջ պատգամի մասին: Բեմադրության ավարտին նրանք կատարեցին «Աստծո Ժողովուրդ» եկեղեցիների ավագ հովիվ, վերապատվելի Րաֆֆի Շահվերդյանի հեղինակային երգերից՝ «Հավատքս չեմ մոռանա» սիրված ստեղծագործությունը, որին աղոթաբույր երգեցողությամբ միացավ ողջ դահլիճը:
Շնորհավորելով եկեղեցու տարեդարձը՝ Աստծո Խոսքով և իր անձնական փորձառությամբ ներկաների հետ բաժնեկցեց Հայաստանի Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցիների Միության նախագահ՝ վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանը: «Պիտանելիության նախադրյալները». այսպես էր հովիվ Ռաֆ
այելը վերնագրել իր պատգամը «Քրիստոնյան պետք է ճանաչի Աստծուն, նա պետք է ճանաչի նաև ինքն իրեն. և այս երկու ճանաչողության միջև ուղիղ կապ կա». իր խոսքում նշեց Վեր. Ռ.Գրիգորյանը:
Մասնակիցները մեծ հուզմունքով դիտեցին հիմնադրումից ի վեր եկեղեցու անցած ճանապարհի մասին պատմող փոքրիկ տեսաֆիլմը: Ներկա հովիվները, վերապատվելի Սուրեն Սարգսյանի աղոթքով, օրհնեցին եկեղեցու հետագա ընթացքը:
Համաժողովն ընդմիջվեց տոնական հյուրասիրությամբ, որից հետո «Աստծո Ժողովուրդ» եկեղեցիների հովիվները, ինչպես նաև տարբեր ծառայությունների առաջնորդներ ներկայացրին իրենց գործունեության տարեկան հաշվետվությունը՝ միասին փառք տալով Տիրոջն Իր կատարած հրաշալի գործերի համար:
Միանալով բոլոր շնորհավորական ուղերձներին՝ Protestant.am կայքի խմբագրակազմը սրտանց մաղթում է «Աստծո Ժողովուրդ» եկեղեցուն նորանոր և առատ օրհնություններ:
Սուրեն Սահակյան
Աղբյուրը՝ Protestant.am