ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ինքնապաշտպանությունը կարող է վնասված մարդու ռեակցիա լինել:
Ներքին վնասվածքների նախանշաններից մեկը կարող են պաշտպանական մեխանիզմները լինել:
Շատերն են դիմում ինքնապաշտպանությանը` որպես միակ փրկության միջոց: Իրականում դա ժամանակավոր է, կարճատև և կեղծ: Ժամանակավորապես կպաշտպանի քեզ, սակայն չի փրկի, այն նման է ցավազրկող միջոցի, բայց ոչ բուժող դեղի: Դրանով ինքներս մեզ ենք խաբում, և այդ ստությունը մեզ կուրացնում է, որ Աստծու ճշմարտությունը չընդունենք:
Խաբկանքը մեր ներսում ուժեղացնում է ցավը և տանում է վիրավորվածության խորքերը: Պահում է մեզ թշնամության մեջ և թույլ չի տալիս մտնել ԱՍՏԾՈՒ ՍԻՐՈ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ և ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ մեջ:
Ինքնապաշտպանությունը մեղադրում և դատապարտում է ուրիշներին. «Մի՛ դատեք, որ չդատվեք. որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք, և ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի։ Եվ ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ Կամ ինչպե՞ս ես եղբորդ ասում՝ "Թող շյուղն աչքիդ միջից հանեմ", երբ ահա քո աչքի մեջ գերան կա»: Մաթ. 7:1-4
Ինքնապաշտպանությունից առաջացած կուրությունը թույլ չի տալիս տեսնելու դիմացինի դրական կողմերը, այն ստիպում է, որ միայն նրա բացասական կողմերը տեսնես և այն էլ սրացված ձևով: Այս խեղված ընկալմամբ մարդը հեշտությամբ սկսում է չարախոսել և բամբասել, քանի որ ինքն արդար է և պաշտպանության կարիք ունի, իսկ դիմացինը մեղավոր է և պետք է ըստ արժանավույն դատվի:
ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ = ԻՆՔՆԱՐԴԱՐԱՑՈՒՄ, որն էլ իր հերթին = ՄԵՐԺԵԼ ԱՍՏԾՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ:
Մեր ճշմարտությունը, որ դուրս է գալիս մեր վախերից և վնասվածքներից, հակառակ է Աստծու ճշմարտությանը: Քանի դեռ մենք պայքարում ենք մեր ճշմարտությամբ, ապա Աստծու ճշմարտությունը չի գործի, չի պայքարի մեզ ազատելու և փրկելու համար:
Հիսուսը խաչի վրա և դատաստանի առջև չպաշտպանվեց, այլ թույլ տվեց Աստծու արդարությունն ու ճշմարտությունը գործի Իր փոխարեն: Նա վստահում էր այն սիրուն, որն ուներ Հայրն Իր հանդեպ: