Flag Counter

Հռչակման զորությունը


Ցավոք սրտի մեր երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում։ Մարդիկ անորոշության և տագնապի մեջ են։ Հաճախ քրիստոնեաներն էլ են սկսում վախենալ  և սրտով թուլանալ։ Բայց Աստված մեզ տվել է ոչ թե վախի, այլ զորության հոգի։ Մենք կանչված ենք երկրի վրա  փոփոխություն բերելու աղոթքով և բարեխոսությամբ։ Հիմա ճիշտ ժամանակն է հագնելու երկնքից մեզ տրված սպառազինությունը և ոչ միայն բարեխոսելու ազգի համար, այլ նաև հոգևոր պատերազմ մղելու։

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 6:13

Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել։

Ինչպես, որ զինվորներն են իրենց դիրքերում կանգնած և արթուն ամեն ժամանակ, մենք էլ մեր դիրքերում պիտի կանգնենք և արթուն հսկենք ու քանդենք խավարի գործերը։ Մեր պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, այլ խավարի ուժերի։ Եվ մեր զենքերն էլ հոգևոր են։ Մեզ պետք է պատերազմել, իսկ հաղթության համար Հիսուս Քրիստոսն ամեն բան ապահովել է։ Նա արդեն հաղթել է։

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 6:17

Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծու խոսքն է։

Հոգու սուրը մեզ տրվել է հարձակվելու և կտրելու, քանդելու և ոչնչացնելու թշնամու գործը։ Գիտենք, որ սուրն Աստծո խոսքն է, և  այն մեր ձեռքում կարող է զենք դառնալ,  երբ Սուրբ Հոգին այդ խոսքը տա։ Հոգու հայտնությունով ստացած խոսքը դառնում է հոգու սուր, որով հաղթում ենք թշնամուն։ Դրանք այն հռչակումներն են, որոնք մենք անում ենք ոչ թե մեր մտքից, այլ Հոգուց, որը տալիս է ճիշտ ժամանակին և ճիշտ խոսքը։ Հիսուսն անապատում սատանային հաղթեց Հոգու սրով։  Նա փորձությանը պատասխանեց հենց այդ պահին Հոգուց տրված խոսքով։

Երբ իմ որդին պատերազմի դաշտում էր, և նրանից լուր չունեի, Սուրբ Հոգին իմ ձեռքում դրեց սուր` խոսք, որ այդ ժամանակի համար էր և կարող էր հաղթել վախին, խուճապին ու թշնամու բերած կրակոտ նետերին։ Դա խոստում էր Տիրոջից։ Այն դարձավ Հոգու սուր, որով պատերազմեցի և հաղթեցի։ Իմ որդին անվնաս ետ վերադարձավ։


ԵՍԱՅԻ 54:13

Քո բոլոր որդիների ուսուցումը Տիրոջից պիտի լինի, և մեծ պիտի լինի նրանց խաղաղությունը։

Ես սկսեցի այս խոսքը հավատքով հռչակել ամեն օր։ Հիմա նա բանակից ետ է վերադարձել։ Ինչպես ասացի` անվնաս։ Սակայն ես շարունակում եմ այս հռրակումն անել ամեն օր իմ որդիների համար։ Եվ սա հզոր զենք է։ Այսպես պետք է պատերազմել մեր ընտանիքների, եկեղեցու և երկրի համար։ Հռչակումը պատերազմի հզոր զենքերից է։

Կիսվել:

Հասցե

Աթոյան 177

Հեռ.
010453523
,
Էլ. հասցե
peopleofgod777@gmail.com
Գրել նամակ