Flag Counter

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


   21-րդ դարում հասարակության մեջ ավելի քան երբևէ հրատապություն է ձեռք բերել վստահության հարցը. կա՞ մեկը, ում իսկապես կարող ես վստահել քո ամբողջ սրտով։

     Հարցն իսկապես ոչ թե հռետորական է, այլ խիստ արդիական, գործնական ու առօրեական, քանի որ մարդկությունն ապրում է ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ, երբ Հիսուս Քրիստոսը 2-րդ անգամ պիտի վերադառնա Երկիր՝ դատելու մեղքով լեցուն անիրավ այս աշխարհը։ Իսկ վերջին ժամանակների մասին ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ գրում է․ 

  «Իմացի՛ր սա. վերջին օրերին չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր։ Նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունն ուրացել են. նրանցից խուսափի՛ր»։

Բ Տիմոթ. 3։1-5

    Կարծում եմ՝ համամիտ կլինեք ինձ հետ, որ թվարկված արատներից որևէ մեկի պակասությունը չունենք այսօր: Եկեք դրան էլ գումարենք Տեր Հիսուսի խոսքերը վերջին ժամանակների մասին, որ Նա ասում է Մատթեոսի Ավետարանի 24֊րդ գլխում՝

                                                                                                «Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չխաբի…  Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր։ Տեսե՛ք, որ չսարսափեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, սակայն դա դեռ վերջը չէ։ Ազգն ազգի դեմ վեր կկենա, և թագավորությունը՝ թագավորության դեմ. լինելու են սով և տեղ առ տեղ երկրաշարժեր։ Բայց այս ամենը սկիզբն է երկունքի… բազում սուտ մարգարեներ են ելնելու և շատերին մոլորեցնելու։ Եվ անօրենության բազմանալու պատճառով շատերի սերն է սառչելու։ Բայց ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի»,


ապա կտեսնենք, որ մարկային իմաստությունն իսկապես անզոր է կանգնեցնելու մեծ արագությամբ դեպի անդունդը գլորվող աշխարհի քայքայումը։Եթե անվստահելի են դարձել քաղաքական գործիչները, մտավորականությունը,մտերիմներն ու ընկերները, անգամ հարազատներն ու բարեկամները (Մտթ. 10:36 "Եվ մարդու թշնամին իր ընտանիքի անդամները կլինեն։"), ապա հռետորական հարցը հնչում է հենց այստեղ. եթե վստահել չես կարող նույնիսկ ամենամտերիմներին, ապա ի՞նչ անել, ու՞մ վստահել, կգտնվի՞ հավատարիմ մեկը, ում կարելի կլինի վստահել:

    Շտապեմ ձեզ ուրախացնել. այո՛, կա այդպիսի Մեկը, Ում կարող ես լիարժեք վստահել քո ողջ կյանքը քո ամբողջ սրտով: Դա Աստված է և Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ով Իրեն ապավինողներին երբեք ամոթով չի թողնում։ Ասեմ ավելին. Նա այսօր ձայն է տալիս, դեպի Իրեն է կանչում բոլոր հեռավորներին, կապյալներին, հոգնածներին, հուսահատներին ու սգավորներին…  նրանց Իր մոտ է կանչում՝ տալու հանգստություն, ապահովություն, հույս և մխիթարություն, տալու ազատություն բոլոր անհանգստություններից, մտահոգություններից, վախերից ու տագնապներից։

. Երբ նենգավոր մարդիկ չարախոսելով Դանիելի դեմ՝ նրան առյուծների գուբին դատապարտեցին, նա այնտեղից դուրս եկավ առանց վնասվածքի, քանի որ վստահել էր իր Աստծուն։

.Երբ Դանիելի ընկերներ Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին պետք է մահապատժի ենթարկեին՝ կրակե հնոցը նետելով, նրանք պատասխանեցին և ասացին. «Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից, քո ձեռքից ևս, ո՛վ թագավոր, Նա կազատի մեզ» (Դան. 3։17): Եվ Աստված, բերելով Իր գերբնական միջամտությունը, ազատեց նրանց կրակե հնոցից։

. Հուդայի Եզեկիա թագավորը, բավականաչափ զորք և ուժ չունենալով՝ կռվելու իրենց վրա հարձակված հզորությամբ իրենց շատ անգամ գերազանցող Ասորեստանի Սենեքերիմ թագավորի բանակների դեմ, գնաց Տիրոջ տուն և աղոթեց Աստծուն։ Նա ամբողջ սրտով ապավինեց Տիրոջ օգնությանը, և Տերը, հարվածելով Սենեքերիմին և նրա բանակներին, ազատեց Հուդան նրանց ձեռքից (4 Թագ 19֊րդ գլխ.):

    Բազմաթիվ են այն օրինակները, երբ նեղության մեջ գտնվողները ապավինել և վստահել են Աստծո բարությանը, և Աստված նրանց ազատել է այդ նեղությունից։

    Ճիշտ այսօր հասել է կենդանի մեր Աստծուն ապավինելու պահը։ Ապավինենք Նրան մեր երկրի փրկության համար, ապավինենք Նրան մեր փրկության և կյանքերի համար, ապավինենք Նրան մեր զավակների և մեր հարազատների օգնության համար… ապավինենք Նրան ամեն բանի համար, քանզի Նա է միակ հավատարիմը, և Նրա բազուկը ուժ ունի երկրի վրա մեզ օգնություն անելու համար:

     Տիրոջը վստահողների վարձքը մեծ է.

    «Ուրեմն մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որ մեծ վարձատրություն ունի։ Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծու կամքը կատարելով՝ խոստումն ստանաք։ Քանի որ Մի փոքր միայն, մի փոքր ժամանակ ևս, և Նա, ով գալու է, կգա ու չի ուշանա»։

Եբրայեց. 10:35-37

  ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ՈՒ ԱՄԵՆՔԻՍ

Կիսվել:

Հասցե

Աթոյան 177

Հեռ.
010453523
,
Էլ. հասցե
peopleofgod777@gmail.com
Գրել նամակ