ԱՄԵՆԱԱՊԱՀՈՎ ՎԱՅՐԸ
Մարդկային հասարակությունն այսօր ապրում է իր արարման օրվանից մինչ օրս չտեսնված և նախադեպը չունեցող ամենադժվար ու ամենախավար օրերը:
Եթե որոշ ժամանակ առաջ լավատեսության որևէ հույս կար, ապա այժմ այդ հույսից (եթե կարելի է դրան հույս անվանել) միայն փշրանքներ են մնացել. և դեռ ավելին` խավարը գնալով ավելի է թանձրանում: Չկա ապահովություն և ոչ մի տեղ, կորել է վստահությունն աշխարհում անգամ ամենավստահելի համարվող քաղաքական համակարգերի, պետական ինստիտուտների, պետական գործիչների և միջազգային կառույցների նկատմամբ: Երկիրը ցնցվում է...
Եթե ուզում ենք խաբված չլինել սխալ հույսերից, ապա պետք է իմանանք ճշմարտությունը. Տեր Հիսուսն ասաց, որ Իր գալստյանն ընդառաջ այդ խավարը գնալով ավելի կթանձրանա, նեղություններն ու դժվարությունները կհասնեն իրենց գագաթնակետին, աշխարհաքաղաքական հակասությունները կուժեղանան և, ի վերջո, կհանգեցնեն աղետալի մեծ բախումների` ազգերի և ժողովուրդների միջև, ու ոչ մի քաղաքական ուժ կամ ինստիտուտ կենսունակ չի լինի կանգնեցնելու այդ քայքայումը, «Քանի որ այդ ամենը պետք է, որ լինեն» /Մատթ. 24:6/:
Ի՞նչ անել, երբ մեզ բախտ է վիճակվել ապրելու պատմության այնպիսի մի ժամանակաշրջանում, որ բնութագրվում է որպես վերջին ժամանակներ:
Հռետորական հարց.
Կա՞ արդյոք մի վայր, որտեղ հնարավոր կլինի ապահովություն գտնել:
Պատասխանն այնքան պարզ է. «Այո՛ կա »:
Թեև Տիրոջը մերժողների, աշխարհի համակարգի համար որևէ հույսի նշույլ, եթե անգամ մնացել է, դա էլ կանցնի, բայց Տիրոջն ապավինողների համար մեծ ապահովություն կա: Դա Աստծո սուրբ խոստումն է Իր զավակներին, թե ով Նրան հավատա, երբեք չպիտի ամաչի:
Առակ. 18:10. «Տիրոջ անունն ամուր աշտարակ է, արդարը վազում է այնտեղ և ապաստան գտնում»:
Մեղքի ծանրությունից ցնցվող այս Երկիր մոլորակի վրա միակ ապահով վայրը Տիրոջ անունն է: Այն ամուր աշտարակի պես է՝ անառիկ և թշնամու համար անհաղթահարելի: Այստեղ ապաստան գտնողը երբեք չի սասանվի, սովի չի մատնվի և ապահով կլինի թշնամու ահից: Այդ աշտարակի մատակարարումը չի կարող փակվել, քանի որ դրա մատակարարումը երկնքից է՝ Տիրոջ սուրբ տեղից, և ոչ ոք ի զորու չէ փակել այդ մատակարարման ճանապարհը:
Երկրի վրա հակամարտող կողմերը փակում են միմյանց ճանապարհները, բայց ոչ ոք, ոչ մի ուժ կենսունակ չէ փակելու Երկնքի մատակարարման ճանապարհը: Տերն այսօր էլ շարունակում է կանչել և հրավեր տալ բոլոր տառապյալներին ու հիասթափվածներին, հոգսերով բեռնավորվածներին... Տերը կանչում է Իր մոտ,
որպեսզի տա հանգստություն և ապահովություն բոլոր նրանց, ովքեր արդարության քաղցն ու ծարավն ունեն /Մատթ. 5:5/ , քանի որ պատրաստվում է կործանել այս անարդար համակարգը:
Մատթ. 11:28 «Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես ձեզ հանգիստ կտամ »:
Մենք տեսնում ենք, որ Տերն այսօր էլ շարունակում է հրավեր տալ բոլորին, որ ապաստան գտնեն Իր անվան մեջ, որ ամուր է և շատ հուսալի։ Նա ոչ միայն հրավեր է տալիս, այլ խոստանում է, որ Իր մոտ գնացողին Ինքը երբեք դուրս չի հանի.
Հովհ. 6:37 «...Ինձ մոտ եկողին Ես դուրս չեմ հանի»:
Այսպիսով, իմ սիրելի բարեկա՛մ, եթե դու ապահով վայր ես փնտրում, փնտրում ես հույս, փնտրում ես սեր, փնտրում ես ապահովություն, ողջ Տիեզերքում կա միայն մեկ տեղ և դա Տիրոջ մեջ է, Նրա անունն է: Շտապի՛ր այնտեղ... շտապի՛ր...
Եթե ինչ-որ դիպվածով մոլորվել ես կամ հետ ես մնացել, ձայն տուր Փրկչիդ, Նա ճանաչում է «իրեններին»... Միայն շտապի՛ր... թույլ մի՛ տուր, որ որևէ պարան, կլինի դա մեղքի, թե դատապարտության պարանը, հետ պահի քեզ...
Շտապի՛ր... Ամենակարողի սերն ու շնորհքը քեզ զորավիգ լինի: