Հովիվ Րաֆֆի Շահվերդյան
(Ծնված 1961թ․ մայիսի 28-ին Իրանում, մահացած 2023թ․ հունվարի 19-ին Հայաստանում)
Հայաստանի «Աստծո Ժողովուրդ» եկեղեցու հիմնադիր և ավագ հովիվ, մի քանի գրքերի, բանաստեղծությունների և երգերի հեղինակ, Հայաստանում առաջին քրիստոնեական մանկապարտեզի հիմնադիր և միջազգային խոսնակ։
Ես ասացի. "Ի՞նչ պետք է անեմ, Տե՛ր"։ Տերն ինձ ասաց. "Վեր կաց գնա՛ Դամասկոս, և այնտեղ քեզ կասվի այն ամենի մասին, ինչ քեզ համար որոշված է, որ անես"։ Եվ քանի որ այդ լույսի փայլի պատճառով չէի տեսնում, ինձ հետ եղողները ձեռքիցս բռնեցին, ու ես մտա Դամասկոս։ Անանիա անունով մի մարդ՝ օրենքին հավատարիմ և Դամասկոսում ապրող բոլոր հրեաների կողմից վկայված, եկավ կանգնեց ինձ մոտ ու ասաց. "Սավո՛ւղ եղբայր, վերստին ստացի՛ր տեսողությունդ"։ Եվ ես նույն պահին տեսողությունս վերագտա ու տեսա նրան։ Եվ նա ինձ ասաց. "Մեր հայրերի Աստվածը քեզ նախասահմանեց, որ իր կամքը ճանաչես, Արդարին տեսնես ու նրա բերանից ձայնը լսես"։
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 22։10-14
Արդյո՞ք քո կյանքում կա Անանիա։ Երբեմն Աստված մարդկանց է բերում մեր կյանք, որոնք հիմքային փոխում են այն, և այդ փոփոխությունը մնում է հավիտյան։ Այդ մարդիկ բացում են մեր աչքերը, որ նայենք Հիսուսին, նրանք մեզ ցույց են տալիս այն, ինչ Աստված է ուզում, որ անենք, ու սովորեցնում են մեզ աճել հոգևորապես ու ավելի մոտենալ Աստծուն։
Իմ կյանքում եղել են մի քանի անանիաներ, և նրանցից մեկը իմ հովիվ Րաֆֆի Շահվերդյանն էր։
Ես խիստ աթեիստ ընտանիքում եմ մեծացել։ Ես միշտ կարծել եմ, որ կրոնն ու հավատն առ Աստված կրթություն չունեցող մարդկանց համար են։ Իսկ քանի որ ես «խելացի» ու «առաջադեմ» մեկն էի, ես երբեք խելքս չէի տա նման «դատարկաբանությունների»։ Բայց Տերը բացեց իմ աչքերը՝ տեսնելու Իր շնորհը այն ժամանակ, երբ ես ավարտեցի Բժշկական համալսարանը։ Ես դարձա քրիստոնյա։
Սակայն ես շատ կասկածներ ու հակասություններ ունեի իմ մտքում։ Ես բացարձակապես կույր էի ու չգիտեի ինչ անել, ուր գնալ։ Հենց այդ ժամանակ էր, որ հանդիպեցի հովիվ Րաֆֆիին։ Նա խնամեց ինձ ու տվեց ինձ տեսիլք՝ օգտագործելու իմ բժշկական կարողությունները՝ տարածելու Աստծո Արքայությունը։
Հովիվ Րաֆֆին (նկարում մեջտեղի անձնավորությունը) Ջոնի Հադաթի մոտ ընկերն էր։ Բժիշկը մի անգամ հարցրել էր, թե արդյոք հովիվը ճանաչում է մեկին, որը կլիներ նրա օգնականը Հայաստանում վիրահատություններ կատարելու ընթացքում։ Հովիվը հանդիպում կազմակերպեց եկեղեցու մի քանի բժիշկների հետ։ Հենց այդ հանդիպմանը ես առաջին անգամ ծանոթացա Ջոնի Հադաթի հետ (նկարում ձախ կողմի անձնավորությունը)։
Սա կյանքս գլխիվայր փոխող հանդիպում էր։ Ես վառվեցի բժիշկ Ջոնիի տեսիլքով և հովիվ Րաֆֆիի քաջալերանքով, մենք ստեղծեցինք քրիստոնյա բժիշկների խումբ (սկզբում ընդամենը երեք հոգով էինք)։ Այն հետագայում ընդլայնվեց՝ դառնալով Հայաստանի Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիա (ՀՔԲԱ, անգլերեն՝ ACMA)։ Մեկ տարվա ընթացքում ավելի, քան 50 հոգի ընդգրկվեց ասոցիացիայում։
Հովիվ Րաֆֆին ՀՔԲԱ անդամ չէր, բայց խանդավառ կերպով աջակցում էր ասոցիացիային հենց առաջին իսկ հանդիպումից սկսած։ Նա մեզ ծանոթացնում էր այլ բժիշկների հետ, գովազդում էր ՀՔԲԱ-ն, աղոթում ՀՔԲԱ միսիայի և կոնֆերանսների համար, քարոզում էր ՀՔԲԱ տարեկան կոնֆերանսներին և հանդիպումներին, ինչպես նաև ընդլայնում էր ՀՔԲԱ անդամների քանակը։ Քրիստոնյա բժիշկներին ուղղված իր հիմնական հորդորն էր ցույց տալ Աստծո սերը հիվանդներին, բուժել նրանց այն կարեկցությամբ, որը բացակայում է այլ բժիշկների մոտ։
Նա բժշկում է կոտրած սիրտ ունեցողներին և փաթաթում է նրանց խոցերը։
ՍԱՂՄՈՍ 147:3
Րաֆֆին մեկն էր այն մի քանի առաջնորդներից, որ անընդհատ հիշեցնում էր ՀՔԲԱ անդամներին, որ կա սպառվելու վտանգ՝ բժշկական ծանրաբեռնվածության պատճառով։ Նա սովորեցնում էր, որ լավագույն տեղը, որտեղ կարելի է ձեռք բերել Սուրբ Հոգու թարմացումը, Հիսուս Քրիստոսի ոտքերի մոտ է։ Ես նրանից եմ սովորել, թե որքան կարևոր է ներքին բժշկությունը և այն, որ առանց ներքին ներդաշնակության դու չես կարող ո՛չ արդյունավետ աշխատել, ո՛չ ծառայել Աստծուն։
ՀՔԲԱ կոնֆերանսների ժամանակ Րաֆֆին կարող էր ժամեր շարունակ աղոթել այնտեղ գտնվող յուրաքանչյուր մեկի համար, լսել նրանց պատմությունները և կարիքները։ Նրա գիրկը միշտ բաց էր, և նա միշտ պատրաստ էր մխիթարել կոտրվածներին։
Հայաստանում կա ազգային չներում, որի արմատները հասնում են պատմական անցյալ, երբ Թուրքիայում հալածում էին հայերին։ Որպես ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի զավակ՝ ես նույնպես ունեի չներման այս խնդիրը։ Իսկ հովիվ Րաֆֆին մի քրիստոնյա էր, որը նայում էր ավելի հեռուն, քան ազգայինը։ Նա ազգերին նայում էր Տիրոջ աչքերով, ու իր սիրտը ցավում էր նրանց համար։ Նա հաշտեցման մի քանի կոնֆերանսներ էր կազմակերպել՝ հրավիրելով թուրք քրիստոնյաների։ Ինքն էլ մի քանի անգամ այցելել էր Թուրքիա, ինչպես նաև եկեղեցու մի քանի միսիոներների էր ուղարկել այնտեղ։
Հովիվ Րաֆֆին փորձում էր քանդել պատը, որ կանգնած էր այս երկու ազգերի միջև 1915-ից ի վեր։ Նա քաջալերում էր մեզ՝ հայերիս ներել և սիրել մեր հարևաններին։ Դեպի Թուրքիա իր մի առանձնահատուկ ճամփորդությունից հետո նա մի գեղեցիկ գիրք գրեց՝ «Երբ թուրքերը Տեր ողորմյա են երգում» (անգլերեն թարգմանության վերնագիրը՝ «Հայկական գինի, թուրքական հաց․իրական ճամփորդություն, որի նպատակն էր հաշտեցումը»)։
Շնորհիվ հովիվ Րաֆֆիի ես սկսեցի Թուրքիային և իր ժողովրդին այլ տեսանկյունից նայել։ Ինձ մոտ միտք ծագեց ստեղծել քրիստոնեական բժշկական խումբ Թուրքիայում։ Ես իմ տեսիլքով կիսվեցի հովիվ Րաֆֆիի հետ։ Նրան դուր եկան իմ ծրագրերը, և նա ինձ օգնեց կապվել իր մի քանի թուրք ծանոթների հետ։ Սա մի ճամփորդություն էր, որով սկիզբ դրվեց քրիստոնեական բժշկական խմբին Թուրքիայում։
Հովիվ Րաֆֆիի միջոցով ես ծանոթացա նաև Ալիսի հետ։ Նա մի պարսիկ ատամնաբույժ էր ու հիմա նա է պարսիկ բժիշկների խմբի առաջնորդը։
Հովիվ Րաֆֆին մեկն էր, ում հետ կարող էի կիսվել իմ հաջողություններով, դժվարություններով, մարտահրավերներով։ Նա ինձ միշտ աստվածահաճո խորհուրդներ էր տալիս և աղոթքով իմ կողքին էր։ Մեր հանդիպումների վերջում ես սովորաբար գրքեր էի նվեր ստանում, որոնք մեծամասամբ կա՛մ իր գրած գրքերն էին, կա՛մ այնպիսի գրքեր էին, որոնցից ինքն օրհնվել էր։
2022 թվականին իրենից ստացած վերջին գիրքը «Արցունքներս սրբիր»-ն էր։ Սա մի ուղերձ է որպես բժշկարար դեղ նրանց համար, ովքեր սուգի մեջ են։ Գիրքն իր ծառայությունների ժամանակ հանդիպած անձանց վկայությունների ժողովածու է։ Այդ մարդիկ ճաշակել են կոտրվածությունը, բայց նաև գտել են բժշկություն ու վերականգնում Քրիստոսով։ Նրանց պատմությունները քաջալերանք են քրիստոնյաների համար, որպեսզի վերջիններս կարողանան օգնել սգավորին մխիթարություն գտնել։
Հովիվ Րաֆֆին ունի հիասքանչ ընտանիք։ Նա ամուսնացած էր սիրելի Ժանեթի հետ։ Նրանք ունեն 3 գեղեցիկ դուստրեր և 5 թոռնիկներ։ Նա սիրված էր թե՛ որպես ամուսին, թե՛ որպես հայր, թե՛ որպես պապիկ։ Պարզապես նայելով այս ընտանիքին՝ դու շատ բան կսովորես։
Ես երախտապարտ եմ Աստծուն իմ կյանքի ճանապարհին հանդիպած Անանիաների և Սիրող Հայրերի համար։ Նրանց շնորհիվ ես այն չեմ, ինչ էի։
Այսօր իմ երկու հոգևոր հայրերը մեր Տիրոջ հետ վայելում են հավիտենական կյանքը։ Նրանք մեզ թողել են գեղեցիկ հուշեր։ Նրանք օրինակ են ու վկայություն այն բանի, թե ինչպես լինել սիրող հայր այլոց համար մինչ մենք էլ կմիանանք իրենց երկնքում։
Աղոթքս է, որ Բժշկության և Ատամնաբուժության Միջազգային Քրիստոնեական Ասոցիացիայի (ԲԱՄՔԱ) յուրաքանչյուր անդամ լինի ինչ-որ մեկի Անանիան և գտնի իր Անանիային։ Ամեն։
ԲԱՄՔԱ Կովկասի և Եվրասիայի տարածքային ներկայացուցիչ բժիշկ Քրիստինա Ալիխանյանի վկայությունը հովիվ Րաֆֆի Շահվերդյանի մասին: