Flag Counter

Լավագույն ծրագիրը

«Հա՛յր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն ինձանից հեռու անցնի. բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։ Մատթեոս 26:39 Արդյոք հնարավոր չէ՞ր մարդկության փրկությունն այլ կերպ իրականացնել: Ասես սա էր ուզում ասել Հիսուսն Իր Երկնային Հորը Գեթսեմանիում աղոթելիս: Որքան դժվար էր Հիսուսի համար, և որքան շատ էր Նա սիրում Հայր Աստծուն և մեզ՝ մարդկանց, որ անխոս համաձայնվեց անցնել խաչելության ճանապարհը: Նա ճանաչում էր Հայր Աստծուն և Նրա սիրտը, և այդ ճանաչողությունն օգնեց Հիսուսին առանց վարանելու հնազանդվել Հոր կամքին՝ խաչելությանը: Հաճախ աշխարհին ու մեր կյանքին նայելով ուզում ենք այլ ծրագիր՝ հեշտ, առանց խոչընդոտի, հիվանդությունից զերծ, բարգավաճ... Մի՞թե հնարավոր չէ «Մեծ Նեղությունից» խուսափել: Մի՞թե պարտադիր է քրիստոնյայի հալածանքն ու երբեմն անգամ նահատակվելը: Այն, ինչ Հայր Աստված որոշել է, պետք է կատարվի: Նա քմահաճ Աստված չէ, պահի ազդեցության տակ գործող Աստված չէ, Նա կամակոր Աստված չէ: Մեր Աստծո ամեն մի ծրագիր և գործ ունի սկզբունք, կարգուկանոն, տրամաբանություն և նպատակային է: Եթե Նա որոշել է, ուրեմն դա լավագույնն է մեզ համար. «Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։» Հռոմեացիներին 12:2 Աստծո կամքը մեզ համար բարի է, այն հաճելի է, եթե ընդունում և հնազանդվում ենք նրան։ Անգամ եթե դժվար է մարդկայնորեն դա ըմբռնել, Աստծո կամքը կատարյալ է մեզ համար։ Թեև այն կարող է փշոտ լինել, սակայն այն լավագույնն է, և տանում է դեպի հաղթանակ: Եթե մեր Տեր և Աստված Հիսուս Քրիստոսը մեզ փրկագնելու և հավիտենական կյանք տալու համար ընտրեց Հոր կամքը, որքան էլ այն դժվար լիներ, ուրեմն մենք էլ իմաստություն ունենանք և փնտրենք Հայր Աստծո կամքը, ընտրենք այն և կատարենք այն: Տեր իմ, շնորհակալ եմ Քո սիրո և զոհի համար: Թող որ մենք լինենք Քո արժանի զավակները և Քեզ նման, որքան էլ դժվար լինի, ընտրենք Հայր Աստծո կամքը, ընտրենք Հայր Աստծուն այս աշխարհից ու մեր բարեկեցությունից առավել սիրելը: Ընտրենք ամեն օր մեր խաչն առնելն ու Քեզ հետևելը: Հայր Աստված ծրագրել է լավագույն տարբերակը մեզ համար:

Կիսվել:

Հասցե

Աթոյան 177

Հեռ.
010453523
,
Էլ. հասցե
peopleofgod777@gmail.com
Գրել նամակ